
Երևանի քաղաքապետարանը Փակ շուկայում ընթացող շինարարության վերաբերյալ սպասում է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի եզրակացությանը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը, որպես լիազորված մարմին, պետք է եզրակացություն տա շուկայում հետագա աշխատանքները շարունակելու վերաբերալ: Թե ինչպիսին կլինի այդ եզրակացությունը, ըստ այդմ էլ կքննարկվեն հետագա նախագծերը»,- պարզաբանեց փոխքաղաքապետը:
Նա նշեց, որ Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն` հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար: Այդ թույլտվությունն ի սկզբանե ունեցել է մշակույթի նախարարության դրական եզրակացությունը: Սակայն սեփականատերը, կառուցապատողը, ըստ Կ. Արեյանի, դուրս է եկել այդ աշխատանքների շրջանակից, ինչի համար 2 անգամ քաղաքապետի որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի: