10 նոյեմբերի 2005 - 13:00 AMT
Անկախության 14 տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել` ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները
Նոյեմբերի 6-8-ը Մալիի մայրաքաղաք Բամակոյում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի նախագահությամբ եւ 63 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների կոնֆերանսը` նվիրված ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ ազատություններին: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կոնֆերանսին, որի բացումը կատարեց Մալիի Հանրապետության նախագահ Ամադու Տումանի Տուրեն, մասնակցեց եւ ելույթ ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Իր ելույթում ՀՀ դեսպանը նշեց, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները ամրագրվեցին դեռ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում եւ առաջին Սահմանադրության մեջ: Անցած 14 տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել` ամրապնդելով եւ զարգացնելով այդ սկզբունքները: Համոզմունքով, որ պետք է խորացնել ժողովրդավարացման գործընթացները երկրում, Հայաստանը պատրաստվում է այդ բնագավառում միջազգային ամենափորձառու մասնագետների եւ հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցաբար մշակված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում եւ երկրի օրենսդրությունը համապատասխանեցնելով այդ բարեփոխումներին, Հայաստանը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների սկզբունքների գործածությամբ կհամապատասխանի Եվրոպայում եւ աշխարհում ընդունված բարձր չափանիշներին, ինչը կարեւոր խթան կհանդիսանա երկրի զարգացման համար: