15 նոյեմբերի 2005 - 14:44 AMT
Այսօր Երեւանում տեղի կունենա ՌԴ Հաշվիչ պալատի եւ ՀՀ Վերահսկիչ պալատի կոլեգիայի նիստը
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունեց ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը, ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Քննարկման առանցքում երկու երկրների համանման կառույցների գործունեության օրենսդրական ու գործնական խնդիրներն էին: Ս.Ստեպաշինը Աժ նախագահին ներկայացրեց ՌԴ Հաշվիչ պալատի աշխատանքը, պետական կառավարման այլ կառույցների հետ հարաբերությունները: Երկուստեք կարեւորվեցին կոռուպցիայի դեմ համակարգային պայքար մղելու անհրաժեշտությունը եւ այդ պայքարում Վերահսկիչ պալատի դերը մեծացնելու խնդիրները: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց պետական մարմինների ֆինանսական գործունեության թափանցիկության, վարկերի եւ փոխառությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, համագործակցությունն այս խնդիրների լուծման գործում: Պայմանավորվածություն ձեռքբերվեց երկու կառույցների միջեւ համագործակցության խորացման գործնական քայլերի մասին, որին կնպաստի նաեւ նոյեմբերի 15-ին Երեւանում անցկացվող կոլեգիայի համատեղ նիստը: