12 ապրիլի 2013 - 17:26 AMT
Ա. Ղուկասյանն առաջարկում է քաղաքացիների համապետական ժողով գումարել

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում բարձրաձայնում է ՀՀ քաղաքացիների համապետական ժողով գումարելու անհրաժեշտության մասին:

Հայտարարության մեջ ասված է.

«Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը և իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու բոլոր սահմանադրական հնարավորություններից:

Իշխանության զավթման արդյունքում ձևավորված բռնապետությունը վերարտադրվում է շինծու ընտրությունների միջոցով:

Հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու համար անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսևորում:

Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնել որոշում իշխանությունը զավթողներին ձերբակալելու և մեկուսացնելու վերաբերյալ:

Ուստի ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, որվքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել և չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն այդ միջոցառման օրակարգը սահամանելու և ընդունված որոշմումներն ի կատար ածելու համար»: