Երևանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ամսվա փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, մշակութային հարցերով դեսպանի խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Ֆրանսերենի հարցերով կցորդ, Արտակարգ հարցերի գծով պատասխանատու Ֆաբիեն Ներան, ՀՀ ԱԳՆ-ի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Ռեկտոր Գայանե Գասպարյանն ամփոփել է վերջին մեկ ամսում Ֆրանկոֆոնիայի շրջանաներում ԵՊԼՀ-ում անցկացված միջոցառումները: «Ֆրանկոֆոնիայի հագեցած ամսվա շրջանակներում ԵՊԼՀ-ում բացվեց Ակադեմիական նվաճումների կենտրոնը, որով հիմք դրվեց գիտահետազոտական և ակադեմիական նվաճումներին»,-ասել է նա և շնորհակալություն հայտնել հյուրերին, ֆրանկոֆոն ուսանողներին ու դասախոսներին: Ներկաներին ողջունել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և ՀՀ ԱԳՆ-ի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Փակման արարողությանը հաջորդել են ֆրանկոֆոն ուսանողների և դասախոսների համատեղ ջանքերով բեմադրված մի շարք ներկայացումներ՝ Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» պիեսի, Ստենդալի «Կարմիրը և Սևը» նշանավոր վեպի, ինչպես նաև «Կարմիր գլխարկը», «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունների հիման վրա:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակը Հայաստանում մեկնարկել է մարտի 19-ին, հայտնում են ԵՊԼՀ-ի մամուլի ծառայությունից: