Այսօր, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, կայացել են Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված թվով 3712 անդամներից առաջին նիստերից բացակայել են 835-ը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների բացակայող անդամներից 16-ը նշանակված են եղել ՀՀԿ հայտով, 39-ը՝ ԲՀԿ հայտով, 53-ը՝ ՕԵԿ հայտով, 129-ը՝ ՀՅԴ կուսակցության հայտով, 204-ը՝ «Ժառանգություն» կուսակցության հայտով, 274-ը՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի հայտով, իսկ 120-ը նշանակված են եղել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից:
ԿԸՀ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են նաև, որ ապրիլի 14-ից կմեկնարկեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները: