21 նոյեմբերի 2005 - 14:51 AMT
ԱՄՆ Սենատի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձեւը
Սենատորներ Ջոն Էնսինը եւ Ռիչարդ Դուրբինը օրերս ԱՄՆ Սենատի քննարկմանն են ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձեւը, որի ընդունումը կհաստատի Հայոց ցեղասպանության վերաբարյալ պատմական փաստաթուղթը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն մեկընդմիշտ հաստատի Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից փաստագրված եւ այլ բարձրաստիճան ամերիկացիների, այդ թվում եւ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից ճանաչված պատմության անվիճելի փաստերը»,-նշել է Ջոն Էնսինը: Սենատոր Ռիչարդ Դուրբինն, իր հերթին, հայտարարել է.«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, մարդկության դեմ կազմակերպված հանցագործություն` ներառյալ սպանությունները, դեպորտացիան, կտտանքներն ու ստրկությունը: Վաշինգտոնի կողմից այդ պատմական փաստի ճանաչումը շատ մեծ նշանակություն ունի»: «ԱՄՆ ազգային արխիվում կան Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն փաստերով բնութագրող հազարավոր էջեր: Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսը լավ հնարավորություն ունի այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը, պայքար սկսել թուրքկան կողմի վարած 1915 թվականի իրադարձությունների ժխտման քարոզարշավի դեմ»,-հայտարարել է ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:

Այս փաստաթուղթը, որը մշակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւից հետո, կոչ է անում երկրի նախագահին «ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում 1,5 մլն հայերի սպանությունը բնութագրել որպես ցեղասպանություն»: