16 ապրիլի 2013 - 21:46 AMT
Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ նախագահից և ոստիկանապետից պարգևներ են ստացել

Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նշել է իր տոնը: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, ոստիկանության բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը ծաղկեպսակներ են դրել Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին:

Տոնական օրը շարունակվել է հանդիսավոր նիստով: Ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հանրապետության նախագահի կողմից հանձնվել են պարգևներ: Ոստիկանության պետի կողմից ևս պարգևատրվել են համակարգի մի խումբ լավագույն աշխատակիցներ:

Ոստիկանության տոնը հանդիսությամբ նշել են նաև պետական պահպանության գլխավոր վարչությունում: Միջոցառմանը մասնակցել են նաև հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հարազատները, վետերաններ: Պետական պահպանության աշխատակիցներն ու զոհվածների հարազատները ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ոստիկանության 95-ամյա տարեդարձին նվիրված միջոցառման երկրորդ մասը նիստերի դահլիճում է եղել: Ընթերցվել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը, այնուհետև պարգևներ են հանձնվել ոստիկանության պետի հրամանով խրախուսվածներին:

Հանդիսությունն ավարտվել է տոնական համերգով, այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: