18 ապրիլի 2013 - 13:05 AMT
Իտալացի փորձագետը մեծ ներուժ է տեսնում Հայաստանում չրի արտադրության ոլորտում, բայց խնդիրները շատ են

Հայաստանում չրերի արտադրության ոլորտում մեծ ներուժ կա, բայց խնդիրները շատ են: PanARMENIAN.Net-ին իր մասնագիտական կարծիքն է ներկայացրել իտալացի փորձագետ-շուկայագետ Ռուջերո Մալոսսին, որը Հայաստանում է գտնվում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») հրավերով՝ գնահատելու և մշակելու համար Հայաստանի գյուղատնտեսության առաջատար ոլորտներից մեկի՝ չրի արտադրության, զարգացման մոդելը:

«Պետք է սկսել դաշտերից ու ավելացնել բերքի ծավալները աշխատանքների արդյունավետության ու արտադրողականության հաշվին, բավարարելու համար պահանջարկը արտաքին շուկայում պատվերների դեպքում»,-ասել է նա: Նա նշել է, որ արտահանումն այսօր իրականացվում է փոքր խմբաքանակներով անհատական պատվերներով: Խնդիրներ կան նաև սանիտարական պայմանների ու տեխնոլոգիաների ապահովման հարցում: Բացի այդ, Հայաստանը պետք է մասնակցի Working party 7 UN հավաքին, որտեղ հավաքվում են չրերի արտադրությամբ զբաղվողները քննարկելու համար ոլորտի խնդիրներն ու հեռանկարները, քանի որ « Եվրոպայում Հայաստանի մասին ոչ ոք չգիտի որպես չիր արտադրող երկրի մասին»: Ինչ վերաբերում է որակին, ապա միջազգային փորձագետը բարձր է գնահատել այն:

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) 2013թ. ապրիլի 18-ին չիր արտադրող հայաստանյան 70 ընկերությունների համար շնորհահանդես էին կազմակերպել` «Աջակցություն չրերի արտադրությանը» համատեղ նախաձեռնության շրջանակում: