40 օլիգարխ ԱԺ-ում և 40% աղքատություն Հայաստանում. դա, ըստ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, սարսափելի է: Նրա խոսքով` ոչ ոք ոչ ներսից, ոչ դրսից չի կարող երկրում իրավիճակ փոխել, որովհետև համակարգային, արմատական փոփոխություններ են պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ սոցիալական խնդիրների լուծումը կլինի, եթե հետընտրական շրջանում ոչ իշխանական ուժերը միավորվեն:
Լարիսա Ալավերդյանի բնոշորշմամբ` այդ ուժերից մեկի` ՀԱԿ-ի դեպքում, օրինակ, ամբիցիաների բարձր մակարդակն է, որ թույլ չի տալիս միավորման գնալ այլ ուժերի հետ: «Պետք է միավորվել ոչ թե մեկի շուրջ, այլ մեկի հետ, այսինքն` կլոր սեղանի շուրջ: Փրկչի կարգավիճակում որևէ մեկին տեսնելուց հետո հաջորդում է հիասթափությունը, երբ ինչ-որ բան չի ստացվում: Կլոր սեղանի շուրջ նստելուց հետո պետք է բոլորը պատասխանատվություն կրեն ստեղծված իրավիճակի և քայլերի համար»,- ասաց նախկին պատգամավորը:
Անդրադառնալով իրեն այլընտրանքային ուժ հռչակած ԲՀԿ-ին, նա նկատեց, որ ԲՀԿ-ն չի կարող պատասխանատվություն չկրել երկրում ստեղծված իրավիճակի համար, քանի որ կառավարությունում անդամներ է ունեցել: «ԲՀԿ-ին պետք է դիտարկել խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչ: Նրան անվանում են իշխանական, բայց այլընտրանքային ուժ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանն ու նրա Մոսկվա կատարած այցին, ապա, ըստ «Ժառանգության» նախկին պատգամավորի, այցը մտնում է քաղաքական տեխնոլոգիաների մեջ, իսկ առանց ամենօրյա փորձի և դրական ձեռքբերումների, չենք կարողանալու փոխել իշխանությունը վերևից: «Եթե մենք չենք կարողացել հասնել նրան, որ ավագանու, ամենափոքր գյուղի ընտրությունները լինեն արդար, մենք ի՞նչ ենք ուզում: Պետք է հասարակությունն ավելի շատ աշխատի համայնքային մակարդակներով»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին և նշեց, որ դրական է համարում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը: «Դաշինքը գնում է ճիշտ ճանապարհով: Առավելությունն այն է, որ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են ցուցակում, քաղաքական շահերի կրող չեն»,- եզրափակեց նա: