18 ապրիլի 2013 - 14:02 AMT
Բացառիկ շանս. Վեց խնդիր, որոնք, ըստ ՀԱԿ-ի, կլուծվեն ավագանու ընտրություններին հաղթելու դեպքում

Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են փոխելու իրավիճակը երկրում, համոզված է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ ընդդիմության հաղթանակը կլուծի վեց խնդիր:

Նախ, դա էապես կթուլացնի ռեժիմի հնարավորությունները՝ վերահսկելու քաղաքական գործընթացները: Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջատիրության համակարգում կարևոր դեր է կատարում, և եթե այդ բուրգից այն ազատագրվում է, ռեժիմի դիրքերը էապես թուլանում են. «Մենք սկսում ենք ապրել նոր երկրում»: Երկրորդ խնդիրն այն է, որ դա հնարավորություն կտա ամբողջ հանրապետությունում իշխանությունը քաղաքացուն վերադարձնել և «ազատվել ավազակապետական ռեժիմից, սա կարևոր էտապ է, որը բացում է դուռ ընդհանուր իշխանափոխության համար»:

Երրորդը պետական կառավարման համակարգում հակակշիռների համակարգ ստեղծելն է, որից էապես կօգտվի ժողովուրդը: «Եթե հիմա իշխանության կառավարման համակարգը ենթարկվում է Սերժ Սարգսյանին և նրա կամայականություններին, քաղաքապետարանն ընդդիմության ձեռքն անցնելուն պես կսկսեն գործել իշխանության կառավարման համակարգը կարգավորող լրիվ այլ մեխանիզմներ, քաղաքապետարանի գործունեությունը կկարգավորվի օրենքով, ոչ թե Սերժ Սարգսյանի ցանկությամբ»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը: Չորրորդ խնդրի լուծամամբ էապես կնվազի կոռուպցիան, քանի որ իշխանությունը և ընդդիմությունը կհայտնվեն մրցակցության մեջ:

Հինգերորդը, Լևոն Զուրաբյանի ներկայացմամբ, այն է, որ քաղաքական պայքարը կտեղափոխվի քաղաքակիրթ մրցակցության դաշտ. «Որովհետև այլևս իշխանությունը և ընդդիմությունը ստիպված են լինելու խոսել փաստերով, կլինի ոչ թե խոսքի, այլ գործի կռիվ»:

Եվ վերջապես ՀԱԿ առաջ քաշած վեցերորդ կետն այն է, որ ստեղծված համակարգում շատ ավելի ազատ կշնչի քաղաքացին, բիզնեսը, գործարարը, կհայտնվեն ավելի ազատ, նպաստավոր դաշտում:

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ագրեսիվ ընտրարշավի. «Քննադատության միակ թիրախը իշխանությունն է, և այս դեպքում, փառք Աստծո, նրանք բոլոր հնարավորւթյունները տալիս են քննադատելու համար»:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: Ավագանու ընտրության ՀԱԿ ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Քաղաքային իշխանության համար պայքարում է վեց կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: