24 նոյեմբերի 2005 - 17:23 AMT
Նոյեմբերի 28-ին Երեւան կժամանի Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության պատվիրակությունը
Նոյեմբերի 28-30-ը Հայաստանում է գտնվելու Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության (DFID) Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ամերիկայի վարչության տնօրեն պարոն Մարթին Դինհամը եւ Հարավային Կովկասի, Միջին Ասիայի եւ Մոլդովայի բաժանմունքի պետի տեղակալ Մելիսա Հարրոլդը, հաղորդում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը: Այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի կառավարության կողմից վարած քաղաքականությանը, ինչպես նաեւ` ընթացիկ զարգացման ծրագրերին:
Այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ կունենան ՀՀ Տարածքային կառավարման, Արտաքին գործերի, Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալի, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի տնտեսական հարցերի գլխավոր խորհրդականի հետ: Բացի այդ, պատվիրակությունը կհանդիպի Հայաստանում DFID-ի ծրագրերն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաեւ դոնոր կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 30-ին` այցի ավարտին, Մ.Դինհամը եւ Մ.Հարրոլդը կուղեւորվեն Թբիլիսի` ճանապարհին կանգ առնելով Գավառում, ուր կհանդիպեն Գեղարքունիքի մարզպետին եւ մարզում DFID-ի ծրագիրն իրականացնող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներին: