
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ այսօր, ժամը 17:00-ից մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և hասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեղադրված տաղավարում յուրաքանչյուրը կարող է գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել:Միջոցառման կազմակերպիչների խոսքով ծրագրի նպատակը հանրության ուշադրությունը գրքին ու ընթերցանությանը ևս մեկ անգամ սևեռելն է: Միջոցառումը նաև բարեգործական նպատակ է հետապնդում. հավաքված բոլոր գրքերն այնուհետև կփոխանցվեն համայնքային գրադարաններին և ՀՀ տարբեր զորամասերի։