22 ապրիլի 2013 - 17:18 AMT
Թուրքագետ. Մեր թիրախը պետք է լինի թուրք հասարակությունը, որն ինֆորմացիոն սովի մեջ է

Այսօր «Մեդիա կենտրոնի» գրասենյակում տեղի ունեցավ«2015 թվական. ինչպե՞ս են նախապատրաստվում Հայաստանում և Թուրքիայում» թեմայով քննարկում, որին մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը և անկախ խորհրդատու Լևոն Հովսեփյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնեց, որ շատ կարևոր է, թե 2015թ-ին ընդառաջ ինչ ձայնով են հայերը խոսելու, և արդյոք այն լսելի է լինելու, թե՝ ոչ: «2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ու հասկանալի է, որ կլինի ավելի մեծ ակտիվություն, բայց հիմնական ուղեցույցը պետք է լինի այն, որ 2015-ը դառնա մեր ուժերը կրկին վերախմբավորելու, վերադասավորելու շատ կարևոր հանգրվան, որից հետո մենք պետք է շարժվենք առաջ»,-ասաց նա:

«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ով իր 5 ընկերների հետ որպես սովորական քաղաքացի է մտահոգված այս խմդրով, կարծում է, որ պետք է ընտրվեն թիրախային խմբեր՝ օրինակ Թուքիայի երիտասարդությունը, ում ուղղությամբ էլ պետք է աշխատել: «Ցեղասպանության 100- ամյակով պետք է մի բան ստեղծվի. մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր սերունդներին ասել՝ դա նոր փուլ կդառնա, թե կշարունակենք այնպես, ինչպես որ եղել է»,- ասաց Ամիրյանը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ կա որոշակի գործընթաց է նաև Թուրքիայի քաղաքական դաշտում, ու պետք է խորացնել այդ ճգնաժամը թուրք հասարկության մեջ: «Մեր թիրախը պետք է լինի թուրքական հասարակությունը, որն ինֆորմացիոն սովի մեջ է այսօր: Հայ և թուրքական գիտությունները համեմատել չի կարելի, քանի որ հայկական կողմը փաստացի է ներկայացնում իր կարծիքը»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը տեղեկատվական պատերազմների մեջ խորհուրդ է տալիս ուշադիր լինել կիրառվող գործիքներ ընտրելիս: Թուրքիայում դա Twitter-ն է, որը Հայաստանում այդքան էլ մեծ կիրառություն չունի:

Մեկ այլ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ հենց Թուրքիայի համար է կարևոր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունումը: «Այսօրվա ինֆորմացիոն պատերազմի պայմաններում պետք է կարողանալ այս հարցը բարձրացնել այլ մակարդակի վրա՝ փորձելով աշխատել առաջին հերթին թուրքական հանրության հետ»,- առաջարկում է Հովհաննիսյանը: