23 ապրիլի 2013 - 11:39 AMT
Ժիրայր Բասմաջյան. Պատմությունը վերանայելու Թուրքիայի փորձերը երբեք չեն պսակվի հաջողությամբ

Ապրիլի 24-ին Կանադայի հայ համայնքը կնշի Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ըստ ավանդույթի, բոլորը կհավաքվեն Կանադայի խորհրդարանի մոտ, իսկ հետո կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Մոտ 1500 մարդ Կանադայի տարբեր շրջաններից կհավաքվեն խորհրդարանի մոտ լսելու համար պատգամավորներին ու համայնքի ներկայացուցիչներին, որոնք կհարգեն 1,5 մլն հայ նահատակների հիշատակը:

Հետո հավաքվածները կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն իրենց բողոքը հայտնելու համար տասնամյակներ շարունակվող Ցեղասպանության ուրացման քաղաքականության դեմ: «Հայերը պայքարելու են հանուն արդարության, իսկ պատմությունը վերանայելու Թուրքիայի փորձերը երբեք չեն պսակվի հաջողությամբ: Մեր բախտը բերեց, որ Կանադայի վարչապետը Սթիվեն Հարփերն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք բարձր ենք գնահատում մեր կառավարության ու պատգամավորների ջանքերը, ուղղված նրան, որ արդարությունը հաղթանակի»,-հայտարարել է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) նախագահ Ժիրայր Բասմաջյանը:

«Կանադահայերը կոչ են անում Թուրքիայի կառավարությանը հաշտվել անցյալի հետ և դադարեցնել ուրացման քաղաքականությունը: Բոլոր կանադացիները պետք է հպարտանան իրենց խորհրդարանականներով, որոնք դիմակայում են թուրքական ճնշմանը և չեն փոխում դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում»,-ասել է Բասմաջյանը: