Կիշինյովում (Մոլդովայում) ավարտվել է թաեքվանդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին 5 հայ մարզիկներ: Առաջնությանը մասնակցել են 42 երկրների թաեքվանդիստներ:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Սարգսյանը նշել է, որ առավել հաջող հանդես է եկել 54 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը, որը կարողացել է 2 հաղթանակ տոնել:
«Եթե նրան հաջողվեր հաղթել նաև Գերմանիան ներկայացնող մրցակցին, ապա կկարողանար պայքարել մեդալի համար: Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) դուրս մնաց առաջնությունից մրցավարական կոպիտ սխալի պատճառով: Իր հնարավորությունների սահմաններում հանդես եկավ նաև Հայկ Խաչատրյանը (74 կգ)»,- ասել է մարզիչը:
Սարգսյանի խոսքով, հայ մարզիկներն այդքան էլ փորձառու չեն և բացի այդ էլ մենամարտում էին իրենցից մի քանի տարով մեծ մրցակիցների հետ: «Մեզ համար շատ կարևոր էր, որ մեր երիտասարդ մարզիկները, որոնք հիմնականում 16-17 տարեկան են, կարողանան փորձ ձեռք բերել, որպեսզի ավելի վստահ ելույթ ունենան միջազգային խոշոր մրցաշարերում»,- ավելացրել է նա:
Ապրիլի 28-ին Էջմիածնում կայանալու է Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո էլ որոշվելու է հավաքականի ուսումնամարզական հավաքների ծրագիրն ու մրցաշարերի ցանկը: