Հայոց ցեղասպանության ճանաչումը թիվ մեկ խնդիրը չէ, կարծում է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման փուլը կարելի է անցած համարել. «Ուստի մենք պետք է բարձրացնենք հայերի իրավունքների պաշտպանության և հատուցման հարցը»:
Կիրո Մանոյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ հայկական կողմը պետք է հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից և Թուրքիայից պահանջի իր ունեցվածքը: «Կա նաև անհատների հատուցման խնդիր, որը, սակայն, չպետք է խոչընդոտի պետական հատուցմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահից այդքան սպասված «Ցեղասպանություն» բառին, ապա, ըստ Կիրո Մանոյանի, եթե Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, լավ կլինի, եթե չասի, աշխարհի վերջը չէ:
Վերջը չէ և չի լինի նաև 2015թ-ը: Հակառակը, ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի, դա մեր իրավունքների ձեռքբերման սկիզբն է: «Հայոց ցեղասպանության 100-ամյակն իրավական առումով ոչինչ չի նշանակում: Իսկ Թուրքիայում մտահոգված են, թե հայերն ինչ են անելու 100-ամյակին, և փորձելու են մեր արածը չեզոքացնել»,- նկատեց նա:
Կիրո Մանոյանի գնահատմամբ` Թուրքիան դարձել է ավելի ճկուն և իր քայլերի մեջ ավելի հաճախ է հավաստիություն երևում: «Թուրքական կողմը միշտ էլ կարող է ինչ-որ քայլեր նախաձեռնել` վատ դրության մեջ դնելով հայկական կողմին»,- ասաց նա:
Անդրադառնալով միջազգային դատարաններ դիմելուն, Կիրո Մանոյանն ասաց, որ դա անշնորհակալ գործ է, «եթե պիտի պարտադրենք Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ մեզ համար դա քննարկման առարկա չէ, բայց եթե դիմելու ենք իրավունքների ձեռքբերման համար, ապա դա ուրիշ հարց է»: