Երեկ` ապրիլի 22-ին, Տավուշի մարզի Դիտավան գյուղում կայացավ նորակառույց երկհարկանի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը կառուցել և կահավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը` Հիմնադրամի «Բարերար անդամներ» Արմեն և Նատիա Էքսերճիէան ամուսինների հովանավորությամբ: Վերջիններիս կողմից Հինադրամին նվիրաբերած ավելի քան 300մլն ՀՀ դրամի շնորհիվ գյուղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն և դպրոց:
Բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, բարերար ընտանիքը զավակների ու թոռների հետ միասին: Դիտավանցիներն աղ ու հացով դիմավորեցին հյուրերին: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց «Դիտավանի պատվավոր գյուղացիներ» կոչմանն արժանացած Էքսերճիէան ամուսիններին:
«Տեր և տիկին Էքսերճիէանների շնորհիվ Դիտավանն այսօր զգալիորեն բարվոք վիճակում է: Պահպանեք այն ինչ ձեռք բերեցիք այս մեծահոգի ընտանիքի և նրանց առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ, իսկ մենք կանենք հնարավորը, որպեսզի թեթևանան ձեր հոգսերը», - ողջույնի խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրենը:
«Ո±վ կմտածեր, որ մի օր մեր գյուղ կայցելեն Էքսերճիէան ամուսինները և այսքան կփոխվի մեր կյանքը: Հպարտ ենք, որ նման մարդիկ են կանգնած մեր կողքին»- իր երախտիքի խոսքում ասաց դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը: Բացմանը համայնքի անունից շնորհակալական խոսք ասաց նաև համայնքի նախկին ղեկավար Հակոբ Սարիբեկյանը, ով բարերար ընտանիքին նվիրեց իր տնամերձ հողատարածքը:
Շուրջ 300 բնակիչ ունեցող համայնքն ունի 30 դպրոցահասակ երեխա: