23 ապրիլի 2013 - 15:09 AMT
Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հեղինակավոր հրեա ցեղասպանագետ, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գրադարանը ներառում է շուրջ յոթ հարյուր հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում տեսական գրականություն, հրեական Ողջակիզմանը և Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նպատակադրված է այս հարուստ հավաքածուն զետեղել ՀՑԹԻ նոր գրադարանային մասնաշենքում և ի պատիվ Իսրայել Չարնիի բացել առանձին անվանական սենյակ, Facebook-ի իր էջում գրել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Այս նվիրատվությունը ՀՑԹԻ գրադարանին վերջին հինգ տարիների ընթացքում խոշորագույնն է: Այն հնարավորություն կընձեռնի լուրջ գիտական հետազոտություններ իրականացնել ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության ոլորտում: