Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության և Կիևի հայ համայնքի նախաձեռնությամբ Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքագիտության և ազգագրական ինստիտուտում կայացավ կլոր սեղան` «1915 թ. Հայերի ցեղասպանությունը. առանց մոռացության իրավունքի» խորագրով:
Կլոր սեղանին մասնակցեցին Ուկրաինայի Գերագույն Ռադայի վեց պատգամավորներ, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, գիտական, ակադեմիական հաստատությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, ԶԼՄ–ների, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների, ցեղասպանության, միջազգային և մարդու իրավունքների նշանավոր մասնագետներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով կլոր սեղանի մասնակիցներին` Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց ,որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում և սփյուռքում կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ՝ միաժամանակ մեկ անգամ ևս բերելով իրենց խոնարհումը և հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին:
Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի դարավոր պատմության ամենամռայլ էջն է, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը 1,5 միլիոն մարդկային կյանք և հարյուրամյակների ընթացքում ստեղծված մեր մշակույթի հոգևոր և նյութական արժեքները, իսկ ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին ողջ աշխարհով: Այն հիրավի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի այլև` ողջ մարդկության հանդեպ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ նա նշեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է կառավարական հանձնաժողով և Հայաստանը սփյուռքի հետ համատեղ շարունակելու է աշխատանքները այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով հասնել պատմական արդարությանը և դրանով նաև իրենց մասնակցությունը բերել աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը:
ՀՀ դեսպանը իր խորը երախտագիտությունը հայտնեց Ուկրաինային և ուկրաինացիներին ցեղասպանությունից վերապրածների մի մասին Ուկրաինայում հյուրընկալելու համար, իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումն են բերել և շարունակում են բերել երկրի զարգացման և ամրապնդման գործում:
Կլոր սեղանին ողջույնի խոսք ասեցին և մասնակիցներին բեղմնավոր աշխատանք մաղթեցին, Ուկրաինայի հայերի միության նախագահ ԳՌ–ի պատգամավոր Վ.Շատվորյանը, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գ.Բունիաթյանը, ԳՌ -ի–ի պատգամավորներ Ա. Գերմանը, Բ.Ֆելդմանը, Ի.Շվայկը, Վ. Կուլչակը:
Նրանք բոլորը նշեցին, որ դա սարսափելի ոճրագործություն է, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հանդեպ և նրա միջազգային ճանաչումը և դատապարտումը նոր հնարավոր ցեղասպանությունների կանխման լավագույն միջոցներից մեկն է: Մասնավորապես, Աննա Գերմանը նշեց, որ կլոր սեղանին ԳՌ–ի պատգամավորների՝ նման պատկառելի կազմով մասնակցությունը վկայում է Հայոց ցեղասպանության նկատմամբ պետության վերաբերմունքի և հայ համայնքի դերի բարձր գնահատման մասին: Կլոր սեղանին զեկուցումներով հանդես եկան Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Ա.Պոդոլսկին, ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեի նախկին նախագահ Յու. Ռեշետնիկովը և պատմության ինստիտուտի Սևծովյան քաղաքակրթության սեկտորի ղեկավար Օ.Գալենկոն, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: