23 ապրիլի 2013 - 15:25 AMT
Գյումրիում կրակոցների արդյունքում մահացած քաղաքացու անունը հայտնի է. Քրեական գործ է հարուցվել

Գյումրիում հնչած կրակոցների վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում ՀՀ ոստիկանությունը: Տարածած հաղորդագրության համաձայն` այսօր, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: