23 ապրիլի 2013 - 15:36 AMT
Բացվել է ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի նոր վերանորոգված սրահը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները և Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությունն այսօր հանդիսավոր կերպով բացեցին ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի նոր վերանորոգված սրահը, որը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ):

Միջոցառումը նվիրված է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» մեկամյա ծրագրի ավարտին ու Գրքի և Հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան, ասվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրադարանի հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններ հիմնվել են բազմաթիվ երկրներում, և դրանց նպատակն է հանրությանն ապահովել ՄԱԿ-ի գործունեության, աշխարհում կատարվող իրադարձությունների ու ՄԱԿ-ի անդամ երկրների վերաբերյալ տեղեկատվությամբ:

ՀԱԳ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի հիմնական ֆոնդն ունի տասը հազար միավոր գրքեր, հանդեսներ, պաստառներ և ՄԱԿ-ին վերաբերող այլ նյութեր: Դրանք հիմնականում անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով են: Ֆոնդը մշտապես լրացվում է ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակից ու ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունից ստացվող գրականությամբ:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «ՄԱԿ-ը ուրախ է աջակցելու հայերի և գրադարանի ղեկավարության նվիրվածությանն ու խանդավառությանը՝ ուղղված ՄԱԿ-ի արժեքների և հրատարակությունների տարածմանը հայերի շրջանում: Շնորհիվ նրանց ջանքերին՝ հազարավոր գիտնականներ, լրագրողներ, ուսանողներ և այլք այժմ հնարավորություն ունեն օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ նյութերից և տեղեկատվությունից: Ես համոզված եմ, որ այս նոր, ավելի մեծ և վառ սրահում ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանը կծառայի իր առաջնային նպատակին՝ օգնել հայերին իմանալ ավելին ՄԱԿ-ի մասին, որտեղ մենք ծրագրում ենք իրականացնել ՄԱԿ-ի վերաբերյալ քննարկումներ», ավելացրեց նա:

«Մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ շատ արդյունավետ է: Մենք համոզված ենք, որ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի նոր սրահը լրացուցիչ ազդակ կհանդիսանա՝ բարձրացնելու իրազեկումը ՄԱԿ-ի մասին: Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ»,- ասաց ՀԱԳ-ի տնօրեն պրն. Տիգրան Սարգսյանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անկյունների, գրադարանների, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, ուսանողներ, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչներ և իմացան ավելին ՄԱԿ-ի մասին ՄԱԿ-ի հրատարակությունների միջոցով, որոնք ևս ցուցադրվել էին գրադարանի ընթերցասրահում:

Հայաստանի ազգային գրադարանում է տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններից մեկը: Հայաստանի ազգային գրադարանի ավանդապահ գրադարանը հիմնվել է 1997 թվականին, իսկ առաջինը հիմնվել է Հայաստանի պետական համալսարանում 1995-ին: Երկու գրադարաններն էլ ստեղծվել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության օգնությամբ: