«Ամերիա» ընկերությունների խումբը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հանդես է եկել նախաձեռնությամբ և հովանավորել է «Հոշոտված Հայաստան» և «Հայոց Ցեղասպանությունը շվեդական աչքերով» գրքերի վերահրատարակությունը:
Այս մասին այսօր գրքերի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նա նշեց, որ գրքերը հրատարակվել են անգլերեն լեզվով, և դա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մարդիկ, ովքեր հայ չեն, կկարողանան ծանոթանալ և տեղեկանալ, թե ինչ է եղել 1915-ին Թուրքիայում: «Ցեղասպանությունը ինձ համար անձնական հարց է, ինչպես և ցանկացած հայի համար, սակայն կա պահանջատիրության խնդիրը»,- ասաց նա:
Իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն հայտնեց «Ամերիա» ընկերությունների խմբին` իր կորպորատիվ պատասխանատվության ներքո ստանձնած այս նախաձեռնության համար: Հայկ Դեմոյանը մանրամասը ներկայացրեց գրքերի ստեղծման պատմությունը: Առաջին գիրքը ` «Հոշոտված Հայաստանը», Մեծ Եղեռնից մազապուրծ եղած Ավրորա Մարդիգանյանի կյանքի իրական պատմությունն է: Գիրքը ներկայացնում է, թե տարբեր փաշաներից, հարեմներից ինչպես է նա մազապուրծ եղել, ինչպես է կորցրել ընտանքիը և զորավար Անդրանիկի հովանավորությամբ գաղթել Թիֆլիս, ապա Նորվեգիա, այնուհետև` տեղափոխվել Նյու Յորք: Արդեն ԱՄՆ-ում նա նկարահանվել է իր իսկ վերապրած պատմության մասին պատմող ֆիլմի գլխավոր դերում: Այդ ֆիլմը համաշխարհային ճանաչում է ստացել:
Երկրորդ գիրքը` Գորան Գունմերի հեղինակած Հայոց ցեղասպանությունը շվեդական աչքերով», ներկայացնում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական դեպքերը Սկանդինավյան միսիոներ կանանց տեսանկյունից: Այս համատեքստում Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ կարևոր է, որ հայ-թուրքական հարաբերությունները ներկայացվեն այլ մարդկանց հիշողություններով: Նա նկատեց, որ Սկանդինավյան պետությունները մշտապես չեզոք դիրք են գրավել այդ իրադարձությունների առնչությամբ: Հայկ Դեմոյանը նկատեց, որ հեղինակն իր գրքում մեջբերում է շվեդ դիվանագետների հեղինակած մի շարք հաշվետվություններ, ականատեսների վկայություններ:
Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց 1919թ-ին Universal studios-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» (Auction of souls) ֆիլմից հատված` Ավրորա Մարդիգանյանի գլխավոր դերակատարությամբ: