Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 5-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք`1 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն ՝ 1-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ապրիլի 26-ից մինչև մայիսի 1-ը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում քննարկել է նաև Երևանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի և քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումները: