30 նոյեմբերի 2005 - 18:43 AMT
Մումբայում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը
Նոյեմբերի 28-ին Մումբայում (Հնդկաստան) տեղի է ունեցել Հայաստանի պատվավոր հյուպատոս Հարշադ Մեհտայի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը ելույթ են ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, Մահարաշտրա նահանգի կառավարության գլխավոր քարտուղար Պրեմկումարը, տիկին Նանի Օսկանյանը եւ պատվո հյուպատոս Հարշադ Մեհտան: Նանի Օսկանյանը Մեհտային է հանձնել հատուկ կացության ՀՀ անձնագիր` փոխանցելով նրան ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ու իր անձնական շնորհավորհանքները Մումբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս նշանակվելու եւ գրասենյակի բացման կապակցությամբ: Այնուհետեւ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստանի եւ հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների մասին, պատասխանել լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերի: Հարշադ Մեհտան Մումբայի հայկական եկեղեցուն է փոխանցել 500.000 հնդկական ռուփի (մոտ 11.000 ԱՄՆ դոլար) նվիրատվություն: