27 ապրիլի 2013 - 10:32 AMT
GALLUP International association. Երևանցիների մեծ մասը քաղաքում կատարված փոփոխությունները դրական է գնահատել

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրենք անցկացրել են 1066 հարցում:

Ըստ նրա արդեն երրոդ անգամն են իրականացնում այսպիսի հետազոտություն. առաջինն արել են նոյեմբերին, հետո փետրվարին և հիմա:

«Երևանցիների շուրջ 76% վերջին 1,5 տարվա ընթացքում Երևանում կատարված փոփոխությունները դրական է գնահատել: Սակայն նրանք կարծում են, որ Երևանի առջև կանգնած են մի շարք խնդիրներ, որոնցից են հասարակական տրանսպորտի, աղբահանության և բնապահպանության հարցերը»,- նշեց Նավասարդյանը:

Ըստ հարցումների, երևանցիների մեծ մասը ցանկանում է տեսնել կանաչ տարածքների ավելացում, խաղահրապարակների ավելացում, մշակութային և սպորտային միջոցառումների շատացում:

Հարցման արդյունքում բարձր գնահատականների են արժանացել Ավան և Կենտրոն համայնքները, իսկ ցածր՝ Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն: