Երեկոյան կայացավ Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավեդիքյանի բեմադրած «Անուշ» օպերայի պաշտոնական պրեմիերան: Հայ-ֆրանսիական նախագծի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Մեկդարյա ստեղծագործական պատմություն արձանագրած օպերայի նոր մեկնաբանությունը համայն մարդկությանն ուղղված յուրօրինակ համարձակ կոչ է. վերանայել իրողությունների հանդեպ հասարակական կոշտ կարծրատիպերը` դրսևորելով քաղաքակիրթ վարքագիծ և մարդասիրություն, կարծում են ընկերությունում:
Հայ և ֆրանսիացի մասնագետների համատեղ աշխատանքը կոնցեպտուալ և տեխնոլոգիական նոր լուծումների համադրություն է, որը կյանքի կոչելու ընթացքում ռեժիսորն ու պարուսույցը ձգտել են չդավաճանել Տիգրանյանի մեկնաբանությանը` ժամանակի շունչ և խորություն հաղորդելով դրան: Մտահղացման, ֆինանսական և արտադրության տեսնակյունից հավակնոտ այս նախագիծը կյանքի կոչելու համար պահանջվել է շուրջ երկու տարի:
«Կան ստեղծագործություններ, որոնք ծնվում են ժամանակի հետ և արժանանում հավանության: Գոյություն ունեն, սակայն, այնպիսիսք, որոնք երբեք չեն կորցնում իրենց փայլն ու արդիականությունը` անվերապահորեն ընդունվելով որպես իրական արժեք: Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի, գրական ժառանգությունը հենց այնպիսիններից է: Նրա «Անուշ»-ը վաղուց դադարել է հայկական բնաշխարհի մի գողտրիկ անկյունի` Լոռվա անցուդարձ ներկայացնող պոեմ լինելուց: Հանճարեղ պարզ և նույնքան խորը բովանդակություն ունեցող պոեմն այսօր արդեն ընկալվում է որպես համամարդկային արժեք:
Հպարտություն է հովանավորել մի նախաձեռնություն, որի նպատակը Թումանյանի արժանի հիշատակը նորովի վերագնահատելու ձգտում ունի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Օպերայի նոր մեկնաբանությունը կյանքի կոչելու համար գլխավոր դերակատարներն ընտրվել են կոնսերվատորիայից` մրցութային կարգով: Բեմական գործողությունների պատկերն առավել ամբողջական է դարձրել էկրանին ցուցադրվող Լոռվա բնապատկերը: Նոր «Անուշ»-ը խոստանում է լինել գարնան ամենանշանակալի և քննարկվող մշակութային իրադարձությունը Հայաստանում: Օպերան ցուցադրվելու է նաև Փարիզում: