Եթե Հայաստանն ու Իրանը համաձայնության գան, ապա 5 տարի ժամկետով մոտ 50 հազար գլուխ ոչխար վարձակալության պայմանով բուծելու համար կտեղափոխվի Սյունիք:
Գրող-հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը, ով ոչխարների բուծման վերաբերյալ մի քանի գիտական հոդվածներ է գրել, դեմ է Սյունքիում և Հայաստանում առհասարակ ոչխարաբուծությամբ զբաղվել: Նա համարում է, որ 1 կովը 10 ոչխարից գերադասելի է: «Բացի այդ էլ շատ ցածր է վարձակալության գումարը. 1 հա տրվելու է ընդամենը 25 դոլարով, ընդհանուր գումարը կազմելու է մոտ 3 մլն դոլար, ինչն այդքան էլ մեծ չէ` հաշվի առնելով ժամկետը: Եթե հիմա Իրանի հետ նման պայմանավորվածություն ձեռք բերվի, հետո էլ Վրաստանն ու մեր մյուս հարևանները կծգտեն նման քայլերի»,- ավելացրել է նա: Ըստ փորձագետի, համաշխարհային կաթի ընդամենը 1,6 % և մսի 4,2 % է ապահովում ոչխարի միսը, մինչդեռ տավարի միսը կազմում է 50 % և կաթը 90 %. «Այդ պատճառով էլ պետք է զարկ տալ տավարաբուծությանը, ինչպես դա արվում է Հոլանդիայում»: Հովհաննիսյանի խոսքով, ոչխարաբուծությամբ հիմնականում զբաղվում են զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրները, ինչպիսիք են Բանգլադեշը, Սուդանը, Պակիստանը, որոնց հողերի մեծ մասը անապատային կամ էլ կիսանապատային է: