«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական ընկերության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ կուսակցությունները հսկայական ծախսեր են անում՝ պաստառներ, տեսահոլովակներ: Սակայն ընտրողների միայն կեսն է հետևում լրատվությանը կամ էլ տեսահոլովակներին:
«Երևանի ավագանու ընտրություններին մենք կանխատեսում ենք 59 % մասնակցություն: Այդ 59 %-ից ձևավորված կարծիք ունի 44% -ը, իսկ 15 %-ը չունի: 23 %-ն էլ տատանվողներն են»,- նշեց Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի, եթե ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը շարունակի նման հանգիստ քարոզարշավը, ապա դատապարտված է կրկին քաղաքապետ դառնալուն:
«Վարդան Օսկանյանն այսօրվա դրությամբ հետ է մնում Մարգարյանից կրկնակի անգամ, իսկ այն հաղթահարելը դժվար կլինի այս փուլում: Մեր ունեցած տվյալներով՝ ավագանու ընտրություններում հաստատ կանցնեն ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը»,- ավելացրեց նա: