Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստում ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
Օրինագծի համահեղինակ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխատողի աշխատատեղի պահպանման դրույթը տարածվում է նպատակային արձակուրդի բոլոր տեսակների վրա, իսկ դա նոր երաշխիք է, որ գործատուն աշխատողին կամայականորեն չզրկի աշխատանքից։ «Օրենքն ապահովագրում է աշխատողին»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Օրենքը տարածվում է նպատակային արձակուրդի հետևյալ տեսակների վրա՝ հղիության, ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող, ուսումնական, չվճարվող արձակուրդ, պետական ծառայությունների ընթացքում տրվող կարճաժամկետ արձակուրդներ։ Այս բոլոր դեպքերում աշխատողը պահպանում է իր աշխատատեղը, միայն եթե կազմակերպությունը չի լուծարվում:
Ավելացնենք, որ օրենքը վերաբերում է թե պետական, թե մասնավոր ընկերություններին։