Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հանրահավաքը: «Կարծում եմ կարոտել եք վստահ համարձակ, համոզիչ ու վստահելի խոսքի»,- հանրահավաքն այս բառերով բացեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ն այն քաղաքական ուժն է, որն ամենապինդն է պահել իր ողնաշարը: Այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են, որ Սերժ Սարգսյանը չպետք է պաշտոնավարի մեր երկրում՝ նրանց հալալ է: Նրանք թող իմանան, որ մենք վերցնելու ենք իշխանությունն ու մեզ պետք է լինելու նրանց գործընկերությունը»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Արամ Մանուկյանը նշեց, որ դրանք միայն Երևանին վերաբերող հարցեր չեն. «Սրանք միայն կոյուղու հարցեր լուծելու ընտրություններ չեն: Երևանում է լուծվելու Հայաստանի իշխանության խնդիրը: Բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ուժերը միավորել ու ոչ մի ամբիցիա չխաղացնելով՝ վերցնել Երևանը ՀՀԿ-ի ձեռքից»:
Ավելացնենք, որ հանրահավաքին նախատեսվում է նաև կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի և մի շարք այլ կուսակցականների:
Այս հանրահավաքը 2012թ-ի աշնանից հետո, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից համանուն կուսակցության վերածվելուց հետո առաջինն է: