30 ապրիլի 2013 - 20:27 AMT
Տեր-Պետրոսյան. Ավագանու ընտրություններից ավելի կարևոր քաղաքական հարց այս պահին գոյություն չունի

Երևանի ավագանու ընտրություններից ավելի կարևոր քաղաքական հարց այս պահին Հայաստանում գոյություն չունի, կարծում է ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ նա նկատեց, որ ընդդիմադիր դաշտին այդպես էլ չհաջողվեց միավորվել ընտրություններից առաջ, բայց անկախ այս բանից ՀԱԿ-ը քարոզարշավի ընթացքում իր համար որդեգրել է երեք կարևորագույն սկզբունք. «Մենք քննադատելու ենք միայն իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերին, այն է՝ ՀՀԿ և ՕԵԿ: Չենք զբաղվելու հակաքարոզչությամբ ընդդիմադիր այլ ուժերի նկատմաբ, եթե անգամ նրանք խոսեն մեր դեմ: Չենք անելու որևէ քայլը, որը կարող է խանգարել ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր ուժերի դաշինքի ձևավորմանը»:

Լևոն Տեր- Պետրոսյանը նշեց, որ թեև ընդդիմադիր դաշինք ընտրություններից առաջ չձևավորվեց, բայց ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին ու հասարակական կազմակերպություններին գոնե աջակցել միմյանց: