91 տարեկան հասակում վախճանվել է 30-40-ականների հոլիվուդյան աստղ Դինա Դուրբինը, հայտնել է Բի-բի-սին: Նա մահացել է Ֆրանսիայում, որտեղ ապրել է շուրջ 60 տարի:
Խորհրդային Միությունում Դուրբինը հայտնի դարձավ 1943թ. երաժշտական «Նրա սպասավորի քույրը» ֆիլմից հետո:
Դինա Դուրբինը ծնվել է 1921թ. Կանադայում, Անլգիայից ներգաղթյալների ընտանիքում: Կինոյի աստղ նա դարձավ արդեն դեռահաս տարիքում: Նա հիմնականում նկարահանվել է երաժշտական կոմեդիաներում: 1940-ականների կեսին Դուրբինը եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: Սակայն, 1940-ականների վերջին նրա կարիերան անկում ապրեց: «Յունիվերսալ» կինոստուդիան, որը նա ժամանակին փրկեց սնանկությունից, որոշեց, որ դերասանուհին չափազանց «ծեր է» երիտասարդ աղջիկների դերեր կատարելու համար, և չունի «ճակատագրական կնոջ» ամպլուայի համար անհրաժեշտ տվյալներ: 1949թ. 27 տարեկան հասակում Դինա Դուրբինը որոշեց այլևս չնկարահանվել կինոյում՝ հետագայում մերժելով վերադառնալու առաջարկները:
1950թ. Դուրբինը ամուսնացավ ֆրանսիացի ռեժիսոր ու պրոդյուսեր Շառլ Դավիթի հետ ու մեկնեց Ֆրանսիա: Հարցազրույցի համար իրեն դիմող լրագրողներին նա պատասխանում էր՝ «Ես ատում եմ Հոլիվուդը»: Դինա Դուրբինի ամուսինը մահացավ 1999թ.: Ինքը Դուրբինը հեռացավ կյանքից այս ապրիլ ամսին, սակայն նրա որդին հայտնեց այդ մասին միայն այժմ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: