8 դեկտեմբերի 2005 - 17:33 AMT
Ռուսաստանի ժողովուրդը ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը Հայաստանում
Հայ-ռուսական այժմյան հարաբերությունները պայմանավորված են Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովրդների բազմադարյա բարեկամական կապերով եւ հարուստ պատմական ավանդույթներով եւ թույլ են տալիս մեզ լավատեսությամբ նայել ապագային: Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար, ինչպես նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հուսալի դաշնակից եւ ռազմավարական գործընկեր է: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի Ազգային Ժողովում, հայտարարել է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, որը պաշտոնական այցով Երեւանում է գտնվում Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հրավերով: Ըստ Սերգեյ Միրոնովի, ռուս ժողովրուրդը տագնապով եւ ցավով էր հետեւում իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, «երբ առկա էին ողբերգական էջեր, իսկ ինչ-որ տեղ մեծ ուրախությամբ եւ հույսով, ինչպես, օրինակ, վերջերս հաջողությամբ անցած սահմանադրական հանրաքվեին»: «Մենք ուշադիր հետեւում ենք եւ վերապրում ձեզ հետ միասին»,-նշել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: