ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Եվրամիությունում PCD-ի (Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում հասարակական կազմակերպություն) լիազոր անդամ Այծեմիկ Ասատրյանին, ով միաժամանակ համակարգում է «հայ-ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագիրը։ Ինչպես հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Այծեմիկ Ասատրյանը նախարարին նախ ներկայացրեց ուռուցքաբանության ոլորտում մինչև այժմ իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները։
Նա տեղեկացրեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնին նվիրաբերված սարքերի ու սարքավորումների փոխադրումն ապահովել է Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը (UMAF), իսկ գործարկումը կատարել են նվիրատուների ինժեներները։ Այժմ բարեգործական իրենց ծրագրերն ընդլայնելու նոր հնարավորություն է ստեղծվել, քանի որ PCD-ն Կովկասում արդեն պաշտոնական ներկայացուցիչ ունի։
Այծեմիկ Ասատրյանը նաև նշեց, որ PCD-ն, նախկինի պես գործունեություն ծավալելով հիմնականում բժշկական-գիտական և տեխնիկական ուղղվածությամբ, կընդլայնի հակաքաղցկեղային ծրագիրը՝ ստեղծելով ժամանակակից լաբորատոր համակարգ, ինչը կնպաստի ախտորոշման մեթոդների բարելավմանը։ Առողջապահության նախարարն իր գոհունակությունը հայտնեց անցած երեք տարիների ընթացքում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ իրականացված ծրագրերի առթիվ։ Դերենիկ Դումանյանը կարևորեց Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում ռադիոիզոտոպների արտադրության հիմնումը, որը բեկում կմտցնի ուռուցքաբանության զարգացման գործում:
«Կարծում եմ ճիշտ կլինի, որ, հաշվի առնելով Հայաստանում պետականորեն իրականացվող ծրագրերը, մեր համատեղ աշխատանքները սկսենք ուռուցքաբանության ռազմավարության ծրագրի վերանայումից, դրանում ընդգրկելով թե՛ ախտորոշման հզորացումը, թե՛ կառուցվածքային բարեփոխումները և թե՛ հեռանակարները։ PCD-ն կասի, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, մենք էլ մեր հերթին կներկայացնենք մեր կարիքները»,-ասաց նախարարը։
Այնուհետև քննարկվեցին հետագա համագործակցության ոլորտներն ու ապագա այլ ծրագրեր։ Այծեմիկ Ասատրյանը նշեց, որ այժմ Եվրամիության կողմից առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել ոչ կառավարական բարեգործական ծրագրերի իրականացման համար, ինչն առավել լավ հնարավորություն է ստեղծում նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար։