13 մայիսի 2013 - 14:18 AMT
Գ.Սահակյան. Ընդդիմություն չկա, մենք և ընդդիմությունը պիտի լինենք, և դիմությունը

Ընդդիմության առկայությունը լուրջ գործոն է պետության զարգացման համար, ասում է իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա կարծում է, որ ընդդիմությունը ժողովրդի մեջ տպավորվեց որպես միտինգ անողներ. «Ով Ազատության հրապարակում միտինգ է անում, իրեն քաղաքական նոր գործառույթի սկզբնավորող է համարում, իսկ մարդիկ հուսահատ վերադառնում են իրենց տները»:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ վերջին մեկ տարվա ընտրական ցիկլի ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան որևէ ընտրախախտման մասին փաստեր բերել: «Ընդդիմությունը, փոխանակ իր մեջ որոնի, թե ինչու է այդպես լինում, իշխանությանն է մեղադրում: Մեզ համար դժվար է լինելու մեր տարած հաղթանակը պահել, եթե չունենք ընդդիմություն: Եթե ընդդիմություն չկա, կառավարման մոդելը կիսատ է մնում»,- ասաց նա:

Անդրադառնալով նախագահի ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին, Գալուս Սահակյանն ասաց. «Մենք առաջարկեցինք, որ վերահսկողական մեխանիզմներ տանք: Բայց անընդհատ երգում էր «Թագավոր լինելուց լավ բան» երգը, ինչը ցաքուցրիվ արեց ողջ ընդդիմությունը»:

Ինչ վերաբերում է ընտրություններին հետևած դիտորդների գնահատականներին, ապա, ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, նրանք որևէ փաստարկ չունեն, կրկնում են ընդդիմության ասածները: «Մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավն էլ չկա: Իհարկե, մենք էլ թերություններ ունենք, ովքեր աշխատում են, թերություն ունեն»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի` ամեն օր կրկնել, թե երկրի վերջը եկել է, ճիշտ չէ. «Դրա պատճառով մարդկանց մոտ մոտեցումներ են ձևավորվում, մտածում են ինչ-որ տեղ գնան, ավելի լավ պայմաններում աշխատեն»: Նա նշեց, որ եթե ընդդիմություն չկա, իրենք և ընդդիմությունը պիտի լինեն, և դիմությունը:

Նա նկատեց, որ իշխանափոխություն լինում է, երբ հասարակությունը ոտքի է կանգնում, իսկ այժմ քաղաքական ուժերն արհեստականորեն հասարակությանը ոտքի են կանգնեցնում, որ կարողանան ուղղորդել։Գալուստ Սահակյանը նշեց, որ ժողովուրդը նեղացած է իշխանություններից, և պետական համակարգը պետք է հոգատար լինի նրանց նկատմամբ: