13 մայիսի 2013 - 14:39 AMT
Բելառուսի ԱԻ նախարարը մեր ՃԿԿ-ից ուղիղ կապ է հաստատել Բելառուսի ԱԻՆ օպերատիվ հերթապահի հետ

Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն է այցելել Բելառուսի Հանրապետության Նախագահի պատվիրակության կազմում պաշտոնական այցով Երևան ժամանած Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Նրան ՀՀ ԱԻ նախարարությունում ընդունել է ԱԻ նախարար վերանշանակված Արմեն Երիցյանը ու ներկայացրել նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, տեխնիկական զինվածությունը, նվաճումները և զարգացման հեռանկարները։ Վ. Վաշչենկոն Ա. Երիցյանի ուղեկցությամբ շրջել է նախարարության տարածքում, այցելել ԱԻՆ համաբուժարան, այնուհետև` ճգնաժամային կառավարման կենտրոն։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ինտերնետի միջոցով ուղիղ կապ հաստատվեց Բելառուսի ԱԻ նախարարության օպերատիվ հերթապահի հետ, որտեղից Վ. Վաշչենկոյին զեկուցեցին Բելառուսի տարածքում գրանցված արտակարգ իրավիճակների վերաբերյալ վերջին տվյալները։

Այցելության շրջանակներում Բելառուսի ԱԻ նախարարը ներկա եղավ նաև ՀՀ ԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությանը, որը վարում էր նախարար Ա. Երիցյանը։

«Միշտ հաճույքով եմ գալիս Հայաստան և ուրախ եմ կրկին հանդիպելու իմ լավ գործընկեր` նախարար Ա. Երիցյանին։ Հիացած եմ իմ տեսածով և տեսնում եմ, թե Ա. Երիցյանն ինչ հպարտությամբ է պատմում ԱԻ նախարարության ձեռքբերումներ մասին։ Վստահ եմ, որ որևէ արտակարգ պատահարի դեպքում այս կառույցն իր բոլոր կարողություններով կանգնած է լինելու ժողովրդի կողքին և ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն», - ասել է Վ. Վաշչենկոն:

«Մենք այստեղ շատ կուռ և միասնական թիմ ունենք, ու միասին աշխատելով շարժվում ենք առաջ։ Կարծում եմ, որ մեր նախարարությունների տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ պիտի ավելի հաճախ հանդիպեն ու առավել սերտացնեն համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Հավատացած եմ, որ մեր փոխգործակցությունը շարունակելու է մնալ բարձր մակարդակի վրա», - ասել է Ա. Երիցյանը: