Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից: «Մեր երկրի արտաքին քաղաքականությունը միշտ եղել է բազմավեկտոր՝ անկախ նրանից, թե հատկապես որ վեկտորի հետ է մերձեցումը: Նման քաղաքականությունը դեռ երկար ժամանակ բխելու է Հայաստանի շահերից»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը:
Արտակ Զաքարյանի բնորոշմամբ` դա պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ. «Արտաքին քաղաքականության վեկտորների վերանայման պատճառ չեմ տեսնում»:
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի ղեկավարության առջև կանգնած խնդիրները նուրբ են և բազմաշերտ: Նա կարծում է, որ իրավիճակի վրա կարող են ազդել տարածաշրջանային մի շարք գործոններ, այդ թվում Թուրքիայի ներգրավումը Մերձավոր Արևելքի իրադարձություններին, Վրաստանում և Ադրբեջանում սպասվող ընտրությունները: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, մեր խաղաղարար դերը և միջազգային գործընթացներին ակտիվ ներգրավվածությունը արժանանում են միջազգային հանրության հարգանքին: