ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացին, ասվում է գյուղնախարարության հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքին ու բարեկամությանը, կողմերը նշեցին գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ բնագավառն ունի համագործակցության ընդլայնման մեծ ներուժ և անհրաժեշտ է այն մանրամասն ուսումնասիրելով անցնել գործնական քայլերի: Խոսելով վերջին մեկ տարում գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքներ մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ 2012 թվականին հաջողվել է ոլորտում ապահովել աճ, և այդ միտումը կշարունակվի նաև այս տարի: Նա միաժամանակ ներկայացրեց նաև Հայաստանից Բելառուս թարմ պտուղ-բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունները:
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը փաստեց, որ գյուղատնտեսության ոլորտում իրենց մոտ նույնպես գրանցվել է տնտեսական աճ: Երկկողմ համագործակցության իրատեսական բնագավառներ համարելով երկրագործությունը, անասնապահությունը և վերամշակող արդյունաբերությունը, նա տեղեկացրեց, որ Բելառուսի Հանրապետությունը հնարավորություն ունի Հայաստան արտահանելու ցանկացած հացահատիկային մշակաբույսի սերմացու, հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Հեռանկարային համարվեց նաև Բելառուսից Հայաստան կաթնամթերք, միս, թռչուն ներկրելը և տեղում դրանց փաթեթավորման և իրացման նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը , խոսելով մեզանում գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման և նորացման անհրաժեշտության մասին, նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական արտադրության տրակտորներ Հայաստան ներկրելու կամ Հայաստանում դրանց հավաքման և սպասարկման համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցերով:
Հետարքրքություն ցուցաբերելով առաջարկի վերաբերյալ, Լեոնիդ Զայացը հրավիրեց Սերգո Կարապետյանին մասնակցելու 2013թ. հունիսին Մինսկում կազմակերպվող միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, ուր հնարավոր կլինի ծանոթանալ բելառուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկային և վարել բանակցություններ համապատասխան ընկերությունների հետ:
Այսօր նախատեսվում է նաև ստորագրել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիրը: