Գագիկ Բունիաթյանն ընտրվել է ՀՌԱՀ նախագահ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է հանձնաժողովի պաշտոնական էջից:
Որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի 7-րդ մասի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը»:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել ՀՌԱՀ նախկին նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո` այս տարվա ապրիլի 7-ից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: