13 մայիսի 2013 - 18:48 AMT
«Hollywood Non-Stop»-ն ունկնդրել է ավելի քան 6000 ուսանող

Մայիսի 15-ին և 16-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» և այլ կինոնկարների սաունդթրեքերը։

Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների կատարման թույլտվությունը հատուկ ձեռք է բերվել ֆիլմերի արտադրողներից: Այս մասին այսօր կազմակերպիչները տեղեկացրեցին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցած մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Բանախոսները նշեցին նաև, որ «Hollywood Non-Stop»-ը ծրագիրն արդեն վայելում է հանդիսատեսի սերը։ Այն մեկնարկել է 2012 թվականին և ներկայացվել երևանյան ութ բուհում, որտեղ ավելի քան 6000 ուսանող է ունկնդրել հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։

2013 թվականին «Hollywood Non-Stop»-ը ներկայացվել է նաև հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումները, այնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Երիտասարդական նվագախմբի ջանքերը։

Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն: