Ազատության հրապարակում ազատամարտիկներն արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակում են իրենց նստացույցը` պահանջելով վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:
Այս պահանջներով նստացույցի մասնակիցներն այսօր նամակով դիմել են Կառավարությանը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նստացույցը նախաձեռնող ազատամարտիկ, «Մահապարտների» հատուկ ջոկատի անդամ, պահեստային գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ պատասխանից է կախված իրենց հետագա քայլերը: Իսկ դրանցից առաջ. «Հույս ունենք, որ մեր այս քայլն արդեն դրական հետևանք կունենա, որովհետև բոլորն էլ գիտեն` մեր պահանջն արդար է: Հասկանում ենք, որ 1-2 օրում լուծվող խնդիրներ չեն, բայց սպասում ենք, որ հնարավորինս շուտ քայլեր կձեռնարկվեն»:
«Դանակը ոչ թե հասել է ոսկորին, այլ ոսկորն էլ է անցել: Մենք դրա համար ենք ոտքի կանգնել: Ոչ թե մեր պետության դեմ ենք դուրս եկել», - ասաց ազատամարտիկներից Կարապետ Բերդախյանն ու պատմեց. «Հիմա ես էլ, որ Էջմիածնից եկել եմ այստեղ, պարտք եմ արել տրանսպորտի փողի համար: Իսկ մեր ընկերներից մեկը` Արթիկից, չի կարողանում այդ փողն էլ ճարել: Զանգել, ասել է, որ գտնի, գալու է այստեղ` Ազատության հրապարակում հրկիզվի, եթե պահանջները չկատարվեն»: