13 մայիսի 2013 - 19:53 AMT
Վանաձորում ընկերության տնօրենը չի գրանցել 9 աշխատակիցների և չի վճարել հարկերը

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վանաձորի բաժնում նախապատրաստված նկութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013թ. հունվարից մինչև մարտի 20-նն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենը Վանաձորի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկման հիմք հանդիսացող հայտարարություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է ներառել` նշելով միայն «Հանրային սնունդ»` 50քմ ելակետային տվյալների մեծությամբ և 52 500 դրամ վճարի չափով:

Նշված ընկերության տնօրենը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, թվով 9 աշխատակիցների` հեստապարուհիների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել և Վանաձորի տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր` խուսափելով եկամտահարկի վճարումները կատարելուց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վանաձորի քննչական բաժնին, հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: