14 մայիսի 2013 - 14:57 AMT
Եվրոպական պատանեկան Օլիմպիական փառատոնին մասնակցելու են 3 հայ հեծանվորդներ

Հայաստանի հեծանվասպորտի առաջնության արդյունքներով կազմվել է պատանեկան հավաքականը, որը պատրաստվելու է Եվրոպական պատանեկան Օլիմպիական փառատոնին: Այն կայանալու է հուլիսի 13-20-ը Ուտրեխտում (Հոլանդիա):

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ Հոլանդիա կմեկնեն Պավել Ստեփանյանը, ով 10 կմ անհատական վազքի, խմբակային վազքի 71 կմ և կրիտերիում ձևի 30 կմ մրցատարածությունների այս տարվա Հայաստանի չեմպիոնն է, Աբել Մանուկյանը և Էդգար Ստեփանյանը:

Իսկ երիտասարդական և մեծահասակների ընտրանիները նախապատրաստվելու են Եվրոպայի հեծանվահրապարակի և խճուղային առաջնություններին, որոնք կայանալու են Պորտուգալիայում հուլիսի 9-13-ը և Չեխիայում հուլիսի 18-ին: Իսկ այս տարվա կարևոր ստուգատեսը հայ հեծանվորդների համար լինելու է Շոտլանդիայում կայանալիք աշխարհի առաջնությունը: