14 մայիսի 2013 - 16:11 AMT
Շվեյցարիան 8 մլն դոլար է հատկացրել Հայաստանին գյուղական համայնքների զարգացման համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը՝ հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: «Այս տարիների ընթացքում ստեղծվել է լավ հիմք՝ երկկողմ հարաբերությունների ընլայնման և խորացման համար: Մեզ համար օրինակելի է Շվեյցարիայի փորձը տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, ուստի մեծապես կարևորում ենք երկկողմ փոխգործակցության ամրապնդումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Զրուցակիցները կարևորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների և անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է:

Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման նպատակով 2013 թվականին հատկացրել է 8 մլն դոլար՝ նախորդ տարվա 4 մլն-ի փոխարեն:

Կոնստանտին Օբոլենսկին կարևորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերի սերտացումը և հույս հայտնել, որ նորաստեղծ հայ-շվեյցարական առևտրային պալատն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ: