14 մայիսի 2013 - 15:58 AMT
ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ չի կարող. Ծառուկյանի դիրքորոշումն է. ԲՀԿ-ն աջ-կենտրոն ուժ է, վերլուծում է քաղաքագետը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր վերջապես տվեց վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտին հետաքրքրող հարցի պատասխանը: «ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ չի կարող, քանի որ երեք-չորս ընդդիմադիր կուսակցություններ կան: ԲՀԿ-ն կողմնակից է նրան, ինչն օգուտ և ձեռնտու է ժողովրդին: Այդ սկզբունքով անում ենք և շարունակում ենք անել: Քաղաքականության մեջ չեմ մտել անձնական շահի, քծնանքի համար, այլ երկրի զարգացման համար»,- Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Քաղաքագետ Լևոնը Շիրինյանի բնորոշմամբ` ըստ էության Գագիկ Ծառուկյանն իր այս հայտարարությունով ցույց տվեց, որ ԲՀԿ-ն մնում է 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների ժամանակ որդեգրած քաղաքական կուրսին, որը կոչվում է աջ-կենտրոն: «Իրենք որպես կուսակցություն աջ են, այսինքն` շատ մոտ Հանրապետական կուսակցությանը, գրեթե նույնականանում են, բայց իրենց պահպանողական չեն հայտարարում: Աջերի գործարար խումբ է, որը կենտրոնամետ է: ԱԺ նախագահի և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով շարժվում են դեպի կենտրոն, որը մի քիչ թույլ է տալիս իրենց վերագրել այլընտրանք տարբերակը: Սա խորքի մեջ ընդդիմություն է, այն ընդդիմությունը չէ, ինչ որ մեզ մոտ է հասկացվում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նկատեց, որ եթե այժմ ԲՀԿ-ն այդ կուրսը վարի, բոլորովին վատ չի լինի: Նա նկատեց, որ ԲՀԿ-ն ներկայացնում է արտադրողական բուրժուազիան, սա վաշխառուական կապիտալը չէ, իսկ այդ իմաստով ողջունելի է: Իսկ այն, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա, ինչպես ցանկանում էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ քաղաքագետի, անհնար էր: Եթե ՀՀԿ-ն որպես պահպանողական, կառավարող կուսակցություն կա, կա հիմա աջ եզրով ԲՀԿ-ն, և կա նոր ձևավորվող ընդդիմությունը, որը «Ժառանգության» առանցքի շուրջ է, ապա հրաշալի դասավորություն կարող է լինել, ասում է Լևոն Շիրինյանը և նկատում, որ արմատական աջերի չափազանց կարծր դիրքորոշումը մեր հասարակության մոտ այնքան էլ ընդունելի չէ: «Եթե ԲՀԿ-ն կարողանա այդ կուրսը վարել, չնույնանա իշխանության հետ, լինի նրա քայլեր վերլուծող-քննադատող այլընտրանքը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա համախմբել քաղաքացիական հասարակությանը, մենք կունենանք եվրոպական քաղաքական դաշտին հատուկ ուժերի դասավորություն, իսկ ծայրահեղ դիրքորոշում ունեցողները կդառնան մարգինալներ ու կհայտնվեն լուսանցքում»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Նա նշեց, որ այսպիսով Հայաստանը կարող է գնալ մոդեռնիզացման ճանապարհով, ինչը շատ լավ կլինի: