Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջև շփումներն ակտիվացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեսպանի միջոցով հրավեր էր փոխանցել Չինաստանում հասարակական և քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:
Դեսպանը տեղեկացրել է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հրավերով հունիսին նախատեսվում է Համաչինական կանանց խորհրդի պատվիրակության այցը Հայաստան:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես երկու կուսակցությունների կանանց միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության հարցերին: