Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Ուլոտ Սեկորդը, որը նաև Հայաստանի բարեկամների խմբի համանախագահն է, վերջերս այցելել էր Արևմտյան Հայաստան:
Ուոլտ Սեկորդն առաջին ավստրալացի քաղաքական գործիչն էր, որն այցելել է 2011թ. Լեռնային Ղարաբաղ, իսկ 2012թ. դեկտեմբերին ճամփորդություն կատարեց Արևմտյան Հայաստանի քաղաքներով ու գյուղերով, որտեղ ոչ մի հայ չի մնացել Հայոց ցեղասպանությունից հետո:
Խորհրդարանականն այցելել է Կարս, Վան, Անի, Իգդիր և Աղթամար: «Իմ այցն Արևմտյան Հայաստան իմ կյանքի ամենահետաքրքիր ուղևորությունն էր»,-ասել է նա՝ վերադառնալով Ավստրալիա: 7-օրյա այցը, որը կազմակերպել ու ֆինանսավորել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia), թույլ տվեց Սեկորդին շարունակել Հայոց ցեղասպանության հետազոտությունը և տեսնել ժամանակակից Թուրքիան իսլամի ուԱրևմուտքի փոխգործակցության համատեքստում:
Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Սեկորդն ասել է. «Անշուշտ, պաշտոնական ժխտումը ցեղասպանության ուրացման կարևոր բաղադրիչ է: Ահա թե ինչու ես երբեք ներողություւն չեմ խնդրի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հայ համայնքին սատարելու համար: Ինչպես ես արդեն ասել եմ Երևանում, Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում և բազում այլ դեպքերում, դա զազրելի է, Թուրքիան ժխտում է 1,5 մլն հայերի սպանությունը»:
Սեկորդը շնորհակալություն է հայտնել ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանին մշտական աջակցության համար Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին սատարելու համար:
«Այդ ուղևորությունը թույլ տվեց խորհրդարանականին սեփական աչքերով տեսնել այն ավերածություններն ու աղետի հետքերը, որ գրեթե 100 տարի առաջ վերապրեցին հայերը: Պարոն Սեկորդը հայ-ավստրալական ընկերակցության բարեկամն է ու մարդու իրավունքների համար պայքարող իսկական մարտիկ»,-ասել է Ղահրամանյանը: Ընթացիկ տարվա հուլիսին Ուոլտ Սեկորդը կայցելի Հայաստան: