Լեհական Լեգնիցայում այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Լավագույն 24 շախմատիստները հնարավորություն ստացան հանդես գալ աշխարհի Գավաթի խաղարկությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից այդ ցուցակում հայտնվեցին Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր: Նույնքան միավոր վաստակեցին ևս 8 շախմատիստներ, սակայն լրացուցիչ ցուցանիշով Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ, իսկ Մելքումյանը` 10-րդ տեղը: Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Ալեքսանդր Մոիսենկոն (Ուկրաինա):
Վերջին տուրում Մովսիսյանն առավելության հասավ ադրբեջանցի Նիջաթ Մամեդովի նկատմամբ, իսկ Մելքումյանն ուժեղ գտնվեց Քսաբա Բալոխից (Հունգարիա):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, չնայած առաջնությունում գրավեց 76-րդ տեղը, բայց ևս կմասնակի աշխարհի Գավաթին: