Գործադիրը պետք է արդյունավետ աշխատի, անհնարին ոչինչ գոյություն չունի, կարծում է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ կառավարության գործունեության ծրագրի մեջ գրված են այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև: «Ծրագրի խոցելիությունը նրանում է, որ բացակայում են մեխանիզմները: Երկրում կա արտագաղթ, աշխատատեղերի պակաս, և այս խնդիրների լուծումը շատ կարևոր է, իսկ ընդդիմությունը շատ լավ է անում, որ այդքան քննադատում է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Ասուլիսին ներկա էր նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով հայտարարեց, որ կառավարության ծրագիրը համապարփակ է, և չի կարծում, որ ծրագրում բոլոր գործիքներն ու մեխանիզմները պետք է նշված լինեն: «Ընդդիմությունն, իհարկե, ճիշտ է անում, որ քննադատում է, իսկ իշխանությունը լսում է և հետևություններ կանի»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Ավելացնենք, որ երկուշաբթի մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում կառավարությունը ներկայացրել է իր գործունեության ծրագիրը, որի բուռն քննարկումը խորհրդարանում դեռ շարունակվում է: